Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան

Մենք արտահերթ ընտրությունների պահանջ չենք ներկայացրել, դա իշխող ուժի օրակարգն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխող ուժը տեսել է, որ չկա կոնսենսուս արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ, հիմա ասում է՝ չենք ուզում, չենք անի: Ասում են՝ վախենում են, որ չեն անցնի, դրա համար չեն ուզում: Ի պատասխան ես ասում եմ հետեւյալը. մենք ցանկացած պահի արտահերթ կամ հերթական ընտրություններին պատրաստ ենք: Երբ էլ ԱԺ-ն ցրվի, ընտրություններ լինեն, մենք պատրաստ ենք: Բայց ԱԺ-ն ցրվելու մեկ մեխանիզմ կա. վարչապետը պետք է տա հրաժարական, որից հետո երկու անգամ ԱԺ-ն չկարողանա կամ չընտրի վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը ցրվում է, ապա 40 օր հետո ընտրություններ պետք է կազմակերպվեն: Այսինքն եթե իրենք ուզում են անեն արտահերթ ընտրություններ, թող բեռը որեւէ մեկի վրա չգցեն, ուղղակի հրաժարական տան, ընտրությունները կազմակերպվի»,-ասաց Մարուքյանը:

Քաղաքականություն