ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է բացատրություն տրվի ցեղասպանության թանգարանի ֆոնդերից նմուշների կորստի խայտառակ հայտարարության վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը պատրաստվում է դիմում-առաջարկ ներկայացնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին, որը նախկին ԿԳՄՍ նախարարն էր, կանչել ԱԺ և  բացատրություններ պահանջել 2020 թվականի մայիսին: ԱԺ ամբիոնից արված այն հայտարարությունների համար, թե Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆոնդերը փակ են և որ այդ ֆոնդերից որոշ նմուշներ են կորել: Այս մասին պատգամավորը հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:
«Բացի այն, որ այս երկու ձևակերպումները՝ «փակ ֆոնդեր» և «որոշ նմուշներ կորել» ինքնին խնդրահարույց հայտարարություններ են և առաջին հերթին միջազգային հանրություն ու Հայաստանի արտաքին քաղաքականության համար և որ «փակ ֆոնդ» բառն ընդամենը կարող էր փոխարինել անձեռնմխելի բառով ի հավելումն սրա նախարարությունից ինձ գրավոր հայտնեցին, որ թանգարանային ֆոնդերում 2018 թվականի հոկտեմբերից արդեն սկսվել են կատարվել վերահաշվառման աշխատանքներ հենց այս կորուստների հիմքով, որոնք դեռ 2020 թվականի մայիսի 27-ի դրությամբ դեռևս գտնվում էին ընթացքում և պետք է ավարտվեին նույն տարվա հունիս ամսին»,- ասաց պատգամավորը:

Աննա Կոստանյանը նշեց՝ չնայած նրան, որ վերահաշվառման աշխատանքների համար նախատեսված վերջնաժամկետը շատ վաղուց լրացել է, այդուհանդերձ, կատարված հաշվառումների արդյունքներն այդպես էլ չեն լուսաբանվել, իսկ իր կողմից մայիսի 27-ին արված հարցին ի պատասխան՝ ԿՄԳՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կողմից հնչեցված պնդումները թանգարանից կորուստների կամ գողությունների վերաբերյալ, այդպես էլ ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել են: «Որպեսզի պարզ լինի, թե ինչ նմուշներ են կորել թանգարանից, երեկ հարցմամբ դիմել եմ նախարարությանը, որ ինձ տրամադրեն բոլոր այն ակտերը, որոնք բացահայտում են այդ կորուստների վերաբերյալ իրողությունները, ի դեպ դրանք պետք է ուղարկվեին ոստիկանություն»,- ասաց նա:
Պատգամավորը հավելեց՝ չնայած թանգարանի ներկայիս տնօրենն ու հոգաբարձուների խորհուրդը նշել էին, որ այս հարցը չշահարկվի, բայց այդպես էլ մամուլում կամ որևէ այլ տեղ չի հայտնաբերել այս թեմայի շուրջ որևէ պարզաբանում: Ուստի նա դիմեց Արարատ Միրզոյանին՝ ապահովել վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի ներկայությունը ԱԺ-ում անցյալ տարվա մայիսին արված սկանդալային հայտարարությունների հետքերով բացատրություններ տալու համար:

«Ձևաչափը կարող ենք քննարկման առարկա դարձնել: Նախկին նախարարի կողմից այս ամբիոնից արված հակապետական, խայտառակ ու չհերքված հայտարարությունները չպետք է մնան անհետևանք: Իմ կողմից բարձրացված այս հարցով պատրաստվում եմ դիմում-առաջարկ ներկայանցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»,- եզրափակեց Կոստանյանը:

Քաղաքականություն