
Ռուսաստանի առաջարկած ծրագիրը թույլ էր տալիս ԼՂ հակամարտությունը կարգավորել առանց ուժի կիրառման. ՌԴ ԱԽ փոխքարտուղար
20.01.2021 23:18
Լեռնային Ղարաբաղի հակամարտության աստիճանական կարգավորման մասին հայեցակարգը, որը Ռուսաստանը պատրաստել էր տարիներ առաջ, թույլ էր տալիս հակամարտությունը լուծել առանց ուժի կիրառման: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:
Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Նրա խոսքով՝ 2016 թվականին ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի փուլ առ փուլ կարգավորման հայեցակարգը, որի վերջին խմբագրմամբ փաստաթուղթը կողմերին է փոխանցվել 2019 թվականին:
«Եթե այս առաջարկները հաջողվեր իրականացնել, ապա Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պայմաններ կստեղծվեին բնականոն կենսագործունեության համար, իսկ Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած շրջանները՝ չդիմելով ուժի կիրառմանը»,- ընդծել է պաշտոնյան:
Նուրգալիևը պարզաբանել է, որ հայեցակարգը ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո, Լեռնային Ղարաբաղին իշխանության մարմիններ և ինքնապաշտպանական ուժեր ձևավորելու իրավունք տրամադրել, ինչպես նաև դադարեցնել տարածաշրջանի շրջափակումն Ադրբեջանի կողմից:
Երկրորդ փուլում նախատեսվում էր Բաքվի վերահսկողությանը հանձնել ևս երկու շրջան՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի պարզման հետ մեկտեղ, որը տեղի կունենար հանրաքվեի անցկացման եղանակով՝ միջազգային նորմերին համապատասխան»: Նախատեսվում էր նաև Լաչինի շրջանում միջանցք թողնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման համար:
«Այդ առաջարկները բանակցային գործընթացի հիմնական թեման էին, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անմիջական երկխոսությունը չի դադարել մինչև 2020 թվականը, սակայն, ցավոք սրտի, լիակատար համաձայնության հասնել կողմերին չհաջողվեց»,- հավելել է գործիչը: