Ռուսաստանում վնասատուներ պարունակող ադրբեջանական լոլիկի ներկրման նոր դեպքեր են բացահայտվել

«Ռոսսելխոզնադզորը» Ադրբեջանից վնասատուներով վարակված լոլիկի մատակարարման նոր դեպքեր է բացահայտել: Այս մասին հայտնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ինչպես մասնավորեցվում է, ադրբեջանական լոլիկների ստուգման ժամանակ, որոնք ներմուծվել են Դաղստանի «Վիադուկ» հարավային մաքսային տերմինալով, ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտ հանդիսացող լոլիկի ցեցի հայտնաբերման վեց նոր դեպք է արձանագրվել:

«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ խոսքն ադրբեջանական 5 տարբեր արտադրողների արդատրանքի մասին է:

Խախտումների մասին ծանուցումներ են ուղարկվել Ադրբեջանի իրավասու գերատեսչությանը: Ռուսական կողմը կոչ է արել անհապաղ հետաքննություն անցկացնել դեպքերից յուրաքանչյուրի գործով և միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար:  

Առաջիկայում «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է բանակցություններ վարել այդ հարցով ադրբեջաբական կողմի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին «Ռոսսելխոզնադզորն» արգելք էր սահմանել Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրման համար: Ավելի ուշ այդ արգելքն աստիճանաբար չեղարկվել է. այսօրվա դրությամբ թույլատրվում է լոլիկի ներկրումն ադրբեջանական 33 ձեռնարկություններից:

Քաղաքականություն

Պատահարներ