Ո՞ւր կորան ձեր պատմական գիտելիքները. Թևան Պողոսյանը՝ վարչապետին

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կրկին անգամ համոզվեցի, որ այսօր Ղարաբաղյան բանակցային գործընթացին տիրապետող որևէ մեկը չկա գործող իշխանության մեջ։ Թե բա՝ որ Շուշի վերադառնային նախկին բնակիչնե՞րը, էն էլ՝ 90 տոկոս: Նախ արդյո՞ք նրանք ցանկանալու էին վերադառնալ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ընդունելով։ Չէ՞ որ դուք համարում էիք, որ Արցախը պետք է գա բանակցային սեղան` իր կարգավիճակը որոշելու։ Թե՞ դա չէր ձեր նպատակը անցած 2.5 տարիներին։ Հո պարտվելու գինը չէ՞իք որոշում, այն էլ՝ ադրբեջանի և ալիևի բարի կամքով. թե էլ ինչը կուզեր կամ չէր ուզի։ Իսկ հիմա «կռիվ» տալու եք տարածաշրջանի միակ պատմական հայկական քաղաքի՝ Շուշիի մինչ սեպտեմբերի 27 հայկական բնակչության համար, Հադրութի և հադրութցիների համար։ Հա՛, այդ օրվա դրությամբ Շուշիի բնակչությունը 100 տոկոս հայկական էր։ Բա դուք չէ՞իք, որ Տիգրան Մեծի ժամանակներից էիք խոսում Մյունխենում, բա հիմա ո՞ւր կորան ձեր պատմական գիտելիքները, գոնե մի 100 տարի առաջվանը հիշեք, այդ ժամանակ Շուշիին ազիկներով չէր բնակեցված 90 տոկոսը։ Է, ո՞րը ասես, որը թողես։ Պարտվել ես, քաղաքական պատասխանատվություն ստանձնիր և հեռացիր։ Հեռացի՛ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված՝ գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։
     Հ.Գ. Այն, որ հայ գերիների մասին երբեք չի բարձրաձայնվել ԱԺ դահլիճում, իրականությանը չի համապատասխանում։ Ինքս եմ դա արել, երբ դեռ ԱԺ պատգամավոր եմ եղել։ Բայց մի այլ դեպք հիշեցի։ 2016 ապրիլին սկիզբն էր, փակ քննարկում, օրը ավարտին էր մոտեցել։ ԱԳՆ ներկայացուցիչը նույնիսկ փակ քննարկմանը դիվանագիտություն էր անում մեր հետ։ Չդիմացա և հարց ուղղեցի. «Լևոն Տեր-Պետրոսյանը մի օր ասել էր, որ իր օրոք Ղարաբաղյան բանակցություններին տիրապետում էր 6 մարդ, հաշվի առնելով որ դրանցից Քոչարյանի ժամանակ գործող էին մնացել միայն 4, իսկ Սարգսյանի ժամանակ նորից երկուսը էլ գործող չէին, ապա մնում է երկու։ Արդյո՞ք դուք այդ երկու անձերից եք և արդյո՞ք իմաստ կա ձեզ հարցադրում անել։ Եթե ոչ, ապա կարելի է ՊՆ-ի ներկայացուցիչը մոտենա ամբիոնին, գոնե իրեն հարցեր տանք, որ ինչ-որ պատասխան ստանանք։ Նախագահությունը հարցիցս հետո հենց դա էլ արեց` խնդրելով զիջել տեղը ՊՆ-ի ներկայացուցչին»»:

Քաղաքականություն

Պատահարներ