Վարչապետի հետ հանդիպման ընթացքում մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի. Մարուքյան

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ եղել է առաջարկություն՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

 

«Հանդիպման ընթացքում մեզ առաջարկվել է ստորագրել հուշագիր, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի՝ մասնավորապես խոսքը եղել է իմ թեկնածության մասին»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Նա հավելեց, որ կոնսենսուս չի կայացել և հուշագրի ստորագրման թեման փակվել է։ «Եթե լինեն արտահերթ ընտրություններ՝ դա չի նշանակում, որ մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրելու»,-ասաց նա։

 

Նա հավելեց, որ եթե իրենք վստահ չեն իրենց պատգամավորի վրա, որ իր առաջադրվելու պարագայում կարող են իրեն ընտրել՝ դա միայն իրենց խնդիրն է։ «Կամ իրենք պիտի ասեն, որ մենք վստահ չենք մեր թիմի վրա, կամ իրենք պիտի հրաժարական տան»,-ասաց Մարուքյանը։

Նա ասաց նաև, որ կոնտր-հուշագիր են առաջարկել. «Ես առաջարկել եմ, որ պայմանավորվում ենք, որ ընտրվելու պարագայում հոկտեմբերի մեկին հրաժարական եմ տալիս, խորհրդարանը ցրվում է ու գնում ենք ընտրությունների։ Չի եղել համաձայնություն, չկա հուշագիր, չկա ընտրություն»,-հավելեց ԼՀԿ ղեկավարը։

 

Անդրադառնալով ընտրական օրենսգրքի բարեփոխումներին՝ Մարուքյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել են ամբողջ հանրապետության տարածքում պահպանել ռեյտինգայինը։ «Մենք ունենք բամբասանքի մակարդակի տեղեկություն, որ իշխանությունը ունի նախագիծ, որը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Ես պիտի զանգահարեմ տիկին Մակունցին և խնդրեմ, որ նա ինձ տա այդ նախագիծը, որ կարդանք ու հասկանանք, թե ինչ կա այդ նախագծում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

 

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից այն հայտարարությանը, որ գերիների մասին չի կարելի խոսել կամ հայտարարություն տարածել, Էդմոն Մարուքյանը նկատեց, որ մինչ հունվարի 12-ը իրենք լռում էին, բայց գերիների հարցով այդպես էլ որևէ լուծում չեղավ։ Մարուքյանը նշեց, որ ադրբեջանցիները խախտում են բոլոր կետերը ոչ միայն համաձայնագրի, այլև միջազգային բոլոր իրավունքների։

«Գերիների վերադարձի ուղղությամբ պետք է ակտիվացնել շփումները նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն»,-ասաց Մարուքյանը։

 

Իր հերթին ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ անընդունելի է իշխանության կողմից ընդդիմության կոչը գերիների մասին հայտարարություն անելուց, քանի որ ընդդիմության գործառույթն է դա՝ բարձրաձայնել խնդիրների ու ցավոտ հարցերի մասին։

 

ԼՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ 2015 թվականին ստեղծված Սահմանադրությունը կազմվել է այնպես, որ վարչապետն անձեռնմխելի լինի։ «Սխալ կլինի ասել, որ ես ձգտում եմ այդ պաշտոնին։ Ցանկացած քաղաքական ուժ պիտի կարողանա այնպիսի լայն հանրային աջակցություն ձևավորել իր շուրջ, որպեսզի կարողանա ստանալ այդ աջակցությունը»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ կկարողանա կատարել վարչապետի պարտականությունները, թե ոչ, ասաց Մարուքյանը։

Քաղաքականություն

Պատահարներ