Էրդողանը երազում է Մեծ Թուրանի մասին. Թևան Պողոսյանն անդրադարձել է Կարսում կայանալիք զորավարժությանը

Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար են վերաբերվում Հայաստանին. բոլոր հնարավոր առիթներով ձեռնարկել են գործողություններ, որոնք փաստել են նրանց վերաբերմունքը՝ դիպուկահարով են կրակել, դիվերսիա են իրականացրել, ռազմական գործողություններ են նախաձեռնել, փորձել են բնաջնջել հայերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Թուրքիան և Ադրբեջանն ունեն մի նպատակ` վերացնել Հայաստանը և հայ ազգը: 1915 թվականից իրենց նպատակը որևէ կետով չի փոխվել: Ցանկացած պահի, որտեղ ունեցել են հնարավորություն, կրակել են` դիպուկահարով են կրակել, դիվերսիա են իրականացրել, ռազմական գործողություններ են նախաձեռնել, փորձել են մեզ բնաջնջել: Այդ նույն վարքագիծը շարունակվում է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի ամիս առաջ ասել է, որ երազում է ստեղծել Մեծ Թուրանը: Հիմա այդ բոլոր կետերով փորձելու են հասնել իրենց նպատակին: Այդ իմաստով իրենք շատ ավելի համակարգված շարունակում են աշխատանք տանել»,- ասաց Պողոսյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը հիշեցրեց, որ անցած տարի Թուրքիան և Ադրբեջանը առնվազն 5-7 զորավարժություն անցկացրեցին և հետո նախաձեռնեցին ռազմական գործողություններ: Կարսում կայանալիք զորավարժությունը նույն աշխատանքի տրամաբանական շարունակությունն է:

«Ցավում եմ, որ չենք հասկանում, որ դրանք մեզ դասերի և ուսումնասիրության հնարավորություն պետք է դառնան, թե ինչին է միտված այս զորավարժությունը և ինչ են անելու: Հիմա մենք և մեր ռազմավարական դաշնակիցը հասկանալո՞ւ ենք, որ պետք է համատեղ միջոցառումներ անցկացնենք և պատրաստակամ ձևավորենք մեր անվտանգությունը: Հուսամ` կլինի այդ գիտակցությունը, և ուշ թե շուտ կսկսենք մենք էլ ամենամսյա համատեղ զորավարժություններ նախաձեռնել` վերականգնելու մեր պաշտպանական և ռազմական ունակությունները»,- ընդգծեց Պողոսյանը:

Պողոսյանը հավելեց, որ ցանկացած զորավարժություն, եթե նույնիսկ չունի որևէ ագրեսիային միտված գաղափար, առնվազն նախապատրաստումն է դեպի ռազմական գործողություններ:

Հիշեցնենք,որ Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Քաղաքականություն

Պատահարներ