«Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը». Տիգրան Ուրիխանյան

Իշխանությունները լավն են, թե վատը, որոշելու համար մի չափորոշիչ կա՝ լա՞վ են ապրում մարդիկ, թե՝ վատ, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ 

«Հիմա կասեն, թե նախկինում էլ լավ չէին ապրում, բայց ես այն մտքի ջատագովներից եմ, որ նախկինին վերադարձ չի լինելու», - ասել է Ուրիխանյանը՝ թվարկելով խնդիրները, որոնք առաջացել են այս իշխանությունների օրոք։ 

«Խոստումներից գոնե մեկն իրականացվե՞լ է, թե՝ ոչ. սկսած նրանից, որ պատժվելու են ժողովրդին բոլոր կեղեքածներն ու թալանածները, վերջացրած ծրագրայինններով, ներառյալ՝ բարեկեցիկ կյանք ու «նյուվասյուկի»։ Ո՛չ։ Եվ վերջապես, այն պատմական աղետը, որ տեղի ունեցավ։ Այս ամենը միասին վերցրած դեռ պետք է հրաժարական տալ, չտալու կամ գնալ, չգնալու հա՞րց առաջանա», - հարցադրում արեց Ուրիխանյանը։ 

Դիտարկմանը, թե իշխանությունը գետնին ընկած է, վերցնող չկա, ԱԺ պատգամավորը պատասխանել է. 

«Փաստորեն Փաշինյանն իշխանությունը չի կորցրել, որովհետև ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հարցրեցի, ասում է՝ չէ, չեմ կորցրել։ Արհեստական է այդ հարցը քննարկվում նրանց կողմից, ում ձեռնտու է, որպեսզի վիճակը տատանվի, բայց ոչ այնքան, որպեսզի բեկում մտցվի։ Երբ ասում են, բա ով, եթե ոչ սա կամ նա, պատասխանում եմ՝ նա, ով համապատասխանում է չափանիշներին, նա ով ապացուցել է, որ կարող է»։ 

Ուրիխանյանի կարծիքով՝ մարդիկ շատ յուրահատուկ իրավիճակում են հայտնվել։ 

«Նույնիսկ չքաղաքականացված կամ քաղաքականությամբ չհետաքրքրվող մարդիկ հիմա իրենք են փնտրում՝ ում հետ հույս կապել։ Դանակը ոչ միայն ոսկորին է հասել, այլ ոսկորն էլ  կտրել-անցել է։ Մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում, որ վտանգներ են տեսնում, որ պատերազմը չի ավարտվել»։ 

Պատգամավորն ասաց, որ մարդիկ դուրս են գալու իշխանություններին հեռացնելու այն ժամանակ, երբ այլընտրանք տեսնեն. 

«Մեր կուսակցությունը համարում է, որ պետք է ձևավորվի միավորված, իմպերատիվ կարգավորումներով զորամիավորում և ռուսական զորքերը պետք է պահեն հայ-ադրբեջանական սահմանը։ Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը, այն ռազմական ուժի կարիքը, որի հետ ոչ ոք չի պատերազմելու՝ հասկանալի պատճառներով»։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ