ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամանորի գիշերը Երևանի դպրոցներից մեկից 3 լվացարան և 2140 ջեռուցման մարտկոց են գողացել

Դեպքն անցյալ ամիս էր կատարվել Աջափնյակ վարչական շրջանում։ Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհաճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր…

Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 հազար 140 ջեռուցման մարտկոց էին գողացել՝ պատճառելով մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։
Կատարվածի վերաբերյալ հունվարի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը` պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը:

Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չէին: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, նաև՝ թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում` ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։
Քրեական հետախույզները դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել էր դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը Քասախ գյուղի բնակիչ էր։

Իրավապահները հունվարի 9-ին դպրոցի կաթսայատան աշխատակցին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հետագա միջոցառումներով, համագործակցելով ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, հունվարի 20-ին Գյումրից Երևան բերման ենթակվեց նաև մյուս կասկածյալը, որի «Օպել» մակնիշի մեքենայով էլ տեղափոխել էին ջեռուցման մարտկոցները։

Նշենք, որ Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար:

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ