Պատերազմում վիրավորում ստացած քաղաքացիները կես միլիոն դրամ աջակցություն կստանան

2020թ.–ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողները 500 000 դրամ միանվագ աջակցություն կստանան: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:

«Վիրավորում ստացած անձանց շարքում ներառվում են բոլոր անձինք՝ ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորի կամավորները: Այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք վիրավորվել ու որոշ ժամանակ բուժում են ստացել զինվորական ու քաղաքացիական հիվանդանոցներում»,- ասաց Առաքելյանը:

Աջակցութոյւնից չեն օգտվի միայն 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր արդեն իսկ պետության կողմից աջակցություն են ստանում:

Նախարարության հաշվարկով` ծրագրի շահառու կհանդիսանան շուրջ 6000 քաղաքացի:

 

Քաղաքականություն

Պատահարներ