Ռուսաստանը և Վրաստանը նախատեսում են փետրվարին վերսկսել բանակցությունները սահմանի բացման հարցով

Վրաստանի իշխանությունները նախատեսում են փետրվարին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ զբոսաշրջիկների համար սահմանը բացելու ուղղությամբ, որոնք փակվել էին նախորդ տարի՝ կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, գրել է «Իզվեստիան»:

Երկրների միջև գործող միակ ցամաքային «Կազբեգի – Վերին Լարս» անցակետը կորոնավիրուսի պատճառով զբսշրջիկների համար փակ է անցյալ տարվա մարտից: Սահմանափակումները չեն տարածվում երկու երկրների այն քաղաքացիների վրա, ովքեր ցանկանում էին վերադառնալ հայրենիք։ Սահմանափակումները չեն վերաբերում նաև բեռնափոխադրողներին: Բայց երկու ուղղություններով էլ զբոսաշրջային ​​ուղևորությունները դեռ արգելված են: Աբաշիձեն կարծիք է հայտնել, որ եթե համաճարակաբանական իրավիճակը բավարար լինի, սահմանափակումները կվերացվեն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակումները վերացնելու հարցը «դեռ օրակարգում չէ»: Սանիտարահամաճարակային իրավիճակից բացի, ուժի մեջ է «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությունը հանցավոր և այլ հակազդեցություններից ապահովելու առանձին ​​միջոցառումների մասին» Պուտինի հրամանը՝ 2019 թվականի ամռանը «վրացի արմատականների սադրանքի» հետ կապված:

Քաղաքականություն