Հանդիպման օրակարգի շրջանակները դեռևս զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է. Մհեր Գրիգորյան

Հունվարի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։

«Հանդիպման օրակարգի շրջանակները դեռևս զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավելի կոնկրետացում չունենք, կհանդիպենք՝ կտեսնենք», - այսօր լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում ապաշրջափակումն ամբողջությամբ, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բարդ աշխատանք է շատ-շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն ու կարգավորվեն, բայց հնարավոր համարում եմ»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ բաղադրիչներ կան, այդ թվում, անվտանգության։

«Վստահ եմ՝ խնդրի լուծման համար բոլոր բաղադրիչները պետք է ենթարկվեն փորձաքննության, որ ձևավորվի համակարգ, որն, իրոք, կաշխատի», - հավելեց ՀՀ փոխվարչապետը։

Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ