Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում. ԱԳ նախարար

Եթե խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախևառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, և վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում, նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց նաև Ադրբեջանի համար:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: 

Հարցին՝ մենք տեսնո՞ւմ ենք գերիների հարցի լուծման միտումներ, նախարարն արձագանքեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,-ասաց նա: 


«Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, և մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք, և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան»,-ասաց նա՝ նշելով, թե այցի ժամանակի մասին հավելյալ կհայտարարեն: 
Դիտարկմանը՝ իսկ եթե հաղթող կողմը հայտարարում է, որ հարցը փակված է, ԱԳ նախարարն արձագանքեց. «Երեկ ես հատուկ ընդգծեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Կարծում եմ՝ բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»: 

Անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ու հաղորդակցական ուղիներին վերաբերող հարցերին, Այվազյանն արձագանքեց. «Խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, թե դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ հնարավորություններ և մարտահրավերներ են առաջանալու տարածաշրջանում: Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չէ»: 

Հարցին՝ հաղորդակցական ուղիների առումով բանակցություններ վարվո՞ւմ են Թուրքիայի հետ՝ Կարս-Գյումրի հատվածի համար, Այվազյանն արձագանքեց, որ այս պահին՝ ոչ: 
 

Քաղաքականություն