Թունիսի նախագահի աշխատակազմի ղեկավարը կորցրել է տեսողությունը և տեղափոխվել հոսպիտալ՝ նախագահին ուղղված ծրարը բացելուց հետո

Թունիսի նախագահ Կաիս Սաիդի վարչակազմը հայտնել է Կարֆագենյան պալատ ընդունված նամակի հետ կապված միջադեպի մանրամասները, որը պարունակում է կասկածելի նյութ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Ֆեյսբուքյան էջում։

Հրապարակման մեջ նշվում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, նախագահի նստավայր է ուղարկվել հատուկ փոստային առաքանի՝ Հանրապետության նախագահի անունով: Ծրարի վրա ուղարկողի կոորդինատները բացակայում էին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Նադյա Ակաշան անձամբ բացել է ծրարը, որում ոչ մի գրավոր հաղորդում չի եղել։ Դրանից հետո նա ուշաթափվել է՝ գրեթե կորցնելով տեսողությունը ուժեղ գլխացավի նոպայի պատճառով։ Մոտ կանգնած նախագահի աշխատակազմի աշխատակիցը նույն ախտանշաններն է զգացել, բայց նշանները ավելի թեթև են արտահայտվել։

Կասկածելի ծրարը ուղարկվել է ներքին գործերի նախարարություն՝ ուսումնասիրության համար: Փորձագետներին առայժմ չի հաջողվել նույնականացնել նրա ներսում գտնվող նյութը։

Նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝ անհրաժեշտ անալիզներ անցկացնելու և նրա առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառները պարզելու համար:

Նախագահի աշխատակազմը միջադեպն անմիջապես չի հրապարակել, որպեսզի խուսափի հասարակության մեջ ավելորդ հուզմունքից։ Հանրապետության նախագահը լիովին առողջ է և տեղի ունեցածի հետևանքով չի տուժել, ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ