Անգելա Մերկելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ազատ արձակել ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնիին, հաղորդում է РИА Новости-ն:

«Ալեքսեյ Նավալնիի ազատազրկումը հեռու է իրավական պետության ցանկացած չափանիշից: Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի, և բռնության գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ պետք է դադարեցվի»,- թվիթերում Մերկելի խոսքերն է մեջբերել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:

Նավալնիին ազատ արձակելու կոչեր էին արել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եվրոպական տարբեր այլ երկրների դիվանագիտական կառույցներ:

Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի իրական ժամկետով ազատազրկելու մասին որոշման ընդունմամբ և կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արևմտյան երկրների կոչերը, հայտարարել է, որ նրանք չպետք է միջամտեն ինքնիշխան պետության գործերին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով:

Քաղաքականություն

Պատահարներ