Բայդենը կոչ է արել ազատ արձակել Նավալնուն և խոստացել կոշտ դիմակայություն ՌԴ-ի գործողություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փետրվարի 4-ին արտաքին քաղաքական հարցերով ծրագրային ելույթ ունենալով Պետդեպարտամենտում, հայտարարել է, որ ի տարբերություն Դոնալդ Թրամփի, կոշտ դիմակայություն կցուցաբերի Ռուսաստանի գործողություններին։

«Ես հստակ հասկացնել եմ տվել նախագահ Պուտինին, որ ի տարբերություն իմ նախորդի, օրերը, որ ԱՄՆ-ը կընկրկի Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների՝ մեր ընտրություններին միջամտության, կիբերհարձակումների, մեր քաղաքացիների թունավորման առջև, անցել են։ Մենք առանց վարանելու կստիպենք Ռուսաստանին վճարել և կպաշտպանենք մեր ժողովրդի կենսական շահերը»,-ասել է Բայդենը։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բախվում է ամերիկյան առաջնորդությանը վնաս հասցնելու Ռուսաստանի վճռկանությանը, ինչպես նաև Վաշինգտոնի հետ մրցակցելու Պեկինի աճող հավակնություններին։

Բայդենը նաև կոչ է արել ռուսական իշխանություններին անհապաղ ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին։

«Նավալնու քաղաքականապես մոտիվացված բանտարկությունը և հավաքների ազատությունը ճնշելու ռուսական իշխանությունների փորձերը ողջ միջազգային հանրության և մեզ մոտ խորը անհանգստություն առաջացնող հարց է։ Նավալնին ընտրվել է թիրախ այն պատճառով, որ ջրի երես է հանել կոռուպցիան։ Նա պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվի»,-ընդգծել է Բայդենը:

Քաղաքականություն

Պատահարներ