Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք. Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին

ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չպետք է խառնվեն Թուրքիայի ներքին գործերին: Արևմուտքն ավելի լավ է ուշադրություն դարձնի իր սեփական խնդիրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումներն ու Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորների» շարժման անդամների նկատմամբ բռնությունները:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Ստամբուլի համալսարաններից մեկում տեղի ունեցած իրադարձություններին արտասահմանյան մի շարք պետությունների արձագանքը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«ԱՄՆ-ն քննադատում է Ստամբուլի համալսարանում տեղի ունեցող իրադարձությունները: Եվ այդ մասին խոսում են մի երկրում, որտեղ ոստիկանները սպանում են անզեն աֆրոամերիկացիներին: Ավելի լավ է՝ ինքներդ ձեզ ռասիզմի համար պատասխանատվության ենթարկեք: Նույնը վերաբերում է Էմանուել Մակրոնին: Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք: Մենք թույլ չենք տա երիտասարդների մասնակցությունը հանցավոր գործողություններին, ներառյալ ահաբեկչությանը»,-ասել է Էրդողանը: 

Թուրքիայի առաջնորդը այնուհետև դատապարտել է Լիբիայից թուրք ռազմական մասնագետներին դուրս բերելու մասին Ֆրանսիայի նախագահի կոչը:

«Մակրոնը այդպես էլ ոչինչ չի սովորել: Թուրքիան հենց այնպես չէ զինվորականներին Լիբիա ուղարկել: Թուրքիայի ռազմական ներկայությունը ցանկացած տարածաշրջանում ներդրում է խաղաղության ու կայունության մեջ: Աֆրիկյան երկրի իշխանություններն են մեզ հրավիրել Լիբիա»,-նշել է Էրդողանը:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը մեղադրել է Ֆրանսիային Մալին «օկուպացնելու» համար:

Քաղաքականություն

Պատահարներ