ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար

 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  22-ամյա աղջկան առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ: 
Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս համայնքի 30-ամյա բնակիչը իր եղբոր, մորեղբոր որդու և երկու ընկերների հետ նախապես պայմանավորվելով ամուսնության նպատակով առևանգել Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն, 2021թ. հունվարի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, տեղեկանալով աղջկա քաղաքի կենտրոնական հատված մեկնելու մասին, վերոհիշյալ անձանց հետ գնացել են Գ.Աշոտի փողոցում գտնվող «Զառա» խանութ-սրահի մոտ և սպասել աղջկա ժամանելուն:  Այդ ընթացքում նրանց է միացել 1990թ. ծնված նույն համայնքի ևս մեկ բնակիչ, որն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով վերոհիշյալ անձանց հետ սպասել է նշված վայրում: Ժամը 10:15-ի սահմաններում տղաները նկատելով 22-ամյա աղջկան,  նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել են վերջինիս և 30-ամյա տղայի եղբոր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով նրան տեղափոխել են Արարատի մարզի Հայանիստ բնակավայր: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գորիս համայնքի 30-ամյա բնակչին և  մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգմանն օժանդակելը) 2-րդ մասի 1-ին կետով: 

Կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի  և տրանսպորտային միջոցների զննություններ, 22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: 

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ