Գորիսում անհայտ անձը հարվածել է 39-ամյա սյունեցու դեմքին. հիվանդանոցում, երբ ուշքի եկել պարզվել է ոտքի հրազենային վնասվածք ունի

Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում  փետրվարի 7-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը:

 

Այդ օրը՝ ժամը 13։40-ի սահմանում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «ձախ ազդրոսկրի ստորին երրորդականի բաց բազմաբեկորային վնասվածք» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Ա. Պ-ն է։ Նա պատմել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմանում, զբոսնելու նպատակով գնացել էր Գորիս քաղաքի «Թոսկապ» կոչվող տարածք, որտեղ անհայտ անձի կողմից հարված է ստացել դեմքի շրջանում և կորցրել գիտակցությունը։ Այնուհետև, «Գորիս» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, պարզվել է, որ նա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ 

 

Մինչ բժիշկները նրան օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչներ 43-ամյա Վարդան Ժ․-ն և 32-ամյա Արթուր Գ․-ն՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործողություն կատարող անձին կամ անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Քաղաքականություն

Պատահարներ