Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը. Թանդիլյան

Արցախում գործատուների եկամտահարկը վեց ամսով կփոխհատուցի կառավարությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Սա արվելու է նրա համար, որ գործատուները պահպանեն իրենց աշխատողների հաստիքները, ինչու չէ, ստեղծեն նորերը, քանի որ նրանց եկամտահարկի ծախսը պետությունը վերցնելու է իր վրա», - ասաց նախարարը։

Մանե Թանդիլյանի խոսքով՝ սա հնարավորություն է նաև նոր բիզնեսների առաջացման համար։

«Թող գան, ներդրումներ կատարեն, աշխատատեղեր բացեն՝ հաշվի առնելով առկա պայմանները», - ասաց նախարարը։

Նշենք, որ իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիփոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ, ստանալու են աջակցություն պետությունից։

Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա, իսկ սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են, և որոնց գործունեությունը շարունակական է։

Քաղաքականություն

Պատահարներ