Օրվա լրահոս

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետօրեին, ժողովրդական զանգվածային բողոքի ալիք է բարձրացել: Ժողովուրդը պահանջում է ռազմական խորհրդից` իշխանությունը վերադարձնել ժողովրդավարական քաղաքացիական կառավարությանը և ազատություն վերադարձնել երկրի փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Չիին:

Բանակը պատասխանում է կենդանի կրակով: Կան զոհեր: Բայց ժողովուրդը տուն չի գնում:

Շարժումը չունի առաջնորդներ: Հրապարակներում հանրահավաքներն ուղղորդողներ չկան, ազատության մեջ մնացած առաջնորդներ, կուռքեր` նույնպես: Ժողովուրդը փողոցներում է ինքնաբուխ կերպով: Անկազմակերպ կազմակերպվածությամբ: Միայն` կամքի շնորհիվ:

Միաժամանակ առանձին քաղաքացիական խմբեր զինվել են և պատրաստվում են զինված դիմակայության: Զինվորական իշխանությունը ժողովրդի զգալի մասի սրտով չէ:

Մյանմարի բանակի գեներալները, իրենց հերթին, նապաստակ չեն: Գտնում են, որ քաղաքացիական իշխանությունը տապալել է երկրի կառավարումը և հեռացնելով նրան` իրենք, ըստ իրենց կարծիքի` փրկել են երկիրը: Այլ խոսքերով` գնում են մինչև վերջ:

Մյանմարի ժողովուրդն իր հերթին` իրեն մատաղացու գառան պես չի պահում և չի փնտրում փողոցում իր քիմքին և ճաշակին հարմար առաջնորդներ: Կրակից չի վախենում և զոհվելով` ավելի է սրում պայքարը ու փորձում` դարձյալ ըստ իր կարծիքի` փրկել երկիրը:

Վիճակը լարված է: Բայց շարժ կա: Կա պայքար: Որևէ կողմ չի ցանկանում երկիրը զիջել իր հակառակորդին:

Երկի՞ր: Զիջե՞լ ... իսկ դա հնարավո՞ր է:

Այո, իհարկե հնարավոր է»:

Վերջին նորություններ