Օձուն գյուղում սպանվել է 34-ամյա բնակիչ. հարուցվել է քրեական գործ

2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 19:50-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի 34-ամյա բնակչի դի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական Կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Օձուն գյուղի 4-րդ փողոցի հրապարակամերձ տարածքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից արձակած կրակոցներով դիտավորությամբ կյանքից ապօրինի զրկել՝ սպանել է նույն գյուղի 34-ամյա բնակչին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն հայտնաբերվել են արնանման հետքեր և գլխարկ։ Դիակի արտաքին զննությամբ գլխի և որովայնի շրջաններում հայտնաբերվել են հրազենային-կոտորակային բազմաթիվ վնասվածքներ, առգրավվել են դիակի հագուստները, վերցվել փորձանմուշներ: Հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն

Պատահարներ