Բաբկեն Հարությունյանին ուժի գործադրմամբ բերման ենթարկելու առթիվ հաղորդում կներկայացվի

Նման ապօրինի վարչական ձերբակալում երևի մինչ օրս չէր եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են կառավարական երրորդ մասնաշենքը։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիային մասնակցող առնվազն 57 քաղաքացու՝ պատճառաբանելով, թե քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, թեեւ տեսանյութերում անգամ տեսանելի էր, որ ոստիկանները քաղաքացիներին բիրտ ուժի գործադրմամբ բերման էին ենթարկում առանց որեւէ պահանջ ներկայացնելու։

 

Վարչական ձերբակալման են ենթարկվել նաև «Հայրենիք» կուսակցության անդամներից մի քանիսը։ Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են վիճարկել, քանի որ նման ապօրինի ձևով վարչական ձերբակալում մինչ օրս չէր եղել։

«Մարդիկ կանգնած էին՝ մայթից երևի ավել խորք ընկնող հատվածում, որևէ պահանջ ոստիկանությունից չի եղել՝ ո՛չ ինչ-որ բան դադարեցնելու, ո՛չ ինչ որ բան անելու կամ չանելու։ Ուղղակի եկել ու մարդկանց այնպես էին բերման ենթարկում, ասես բացահայտել են ինչ- որ ահաբեկչական կազմակերպված հանցավոր խումբ »,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չի եղել, որը չկատարելու հիմքով կարող էին անձին ենթարկել վարչական ձերբակալման, անգամ կոնտակտ չի եղել ոստիկանների կողմից, որևէ ոստիկան չի մոտեցել։

«Սև բերետավորները պարզապես եկել շարվել են սովորական ծառայողների ետևից և հերթով, մի քանի անգամ մտել և բերման են ենթարկել մարդկանց։ Անգամ իմ արձանագրության մեջ գրած էր, որ երթևեկելի հատվածում եմ կանգնել»,- նշեց նա՝ հավելելով, որ վարչական ձերբակալման տարբերակով կազմել են, երկու-երեք ժամվա ընթացքում ազատ են արձակել։

«Նիկոլ Փաշինյանի նյարդերը երևի տեղի էին տվել, որ մարդիկ իրեն անվանում են այնպես, ինչին արժանի էր ինքը։ Կարծում եմ՝ նյարդային նոպաների մեջ էր ընկել և որևէ արտառոց բան տեղի չէր ունեցել, ինչի հետ կարելի էր կապել»,- նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի նկատմամբ ուժի գործադրմամբ բերման ենթարկելուն, Հակոբյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի՝ ապօրինի ձերբակալման կամ նույն օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։

Քաղաքականություն

Պատահարներ