ՀՀ սահմաններից ներս էլ ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, ՀԱՊԿ մեխանիզմները որոշակի դերակատարում են ունեցել. Փաշինյան

Մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ,  եւ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին  մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Այս մասին 1in.am կայքին տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե պատերազմի ավարտից  հետո  մեր հրատապ խնդիրը Հայաստանի ներսո՞ւմ է, թե՞ Հայաստանի շուրջ զարգացումներում:

«Ըստ էության, մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Իսկ, ընդհանուր առմամբ, մենք, իհարկե, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին  մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ:

Լրագրողի ճշգրտող հարցին, թե խոսքն անվտանգային նոր համակարգի մասի՞ն է, եթե հաշվի առնենք, որ նախկինը պարտվել է, Փաշինյանն ասաց, որ մենք ինչպես նախկինում, հիմա էլ գտնվում ենք արտաքին անվտանգության նույն համակարգում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

«Եվ պետք է արձանագրել, ես առիթ ունեցել եմ ասելու, որ մենք նախկինում որոշակի առնվազն հանրային մակարդակում թյուրըմբռնում ենք ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների վերաբերյալ: Օրինակ, շատերն ասում են, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական առումով չի միջամտել ղարաբաղյան պատերազմին: Պատասխանը պարզ է, որովհետև ՀԱՊԿ պարտավորությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս: Դրանից դուրս, ըստ էության, նման պարտավորություններ ձևակերպված չեն: Եվ, իհարկե, Հայաստանի սահմաններից ներս էլ մենք ունեցել ենք անվտանգային մարտահրավերներ, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմներն այդտեղ որոշակի դերակատարում ունեցել են: Եվ դա պետք է խոստովանել: Ինչ վերաբերում է ընդհանուր մեր անվտանգային տարածաշրջանային համակարգին, մենք, իհարկե, պետք է ձեռնամուխ լինենք բանակի բարեփոխումներին՝ կառուցվածքային բարեփոխումներին, բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես՝ սպառազինությունների և ընդհանրապես ռազմավարական բովանդակության մասով: Բացի դա, իհարկե, պետք է գնահատենք այն իրադրությունը, որ ունենք տարածաշրջանում և գնահատենք այն դերը և նշանակությունը, որ ունենք տարածաշրջանում, գնահատենք այն հարաբերությունները, որ ունենք տարածաշրջանում: Ե՛վ տարածաշրջանում, և՛ տարածաշրջանի հետ մեր ռազմավարական երկարաժամկետ օրակարգը պետք է ճշգրտենք: Սա թերևս ամենակարևոր անելիքներից է»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ