Օրվա լրահոս

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում:

2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը:

«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: Ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի և մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:

Հ.Գ. Միջոցառումների ավարտից հետո նկարում երևացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»,- գրել է Կարապետյանը:

Վերջին նորություններ