Օրվա լրահոս

«Իսկանդեր»-ի պայթելու տոկոսայնություն հաշվարկելն անհնար է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ պայթելու մասին տոկոսներով, թվերով խոսելը պրոֆեսիոնալ չէ։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կրակված «Իսկանդերը» չի պայթել՝ ակնարկելով, որ գուցե Ռուսաստանը 80-ականների արտադրության զենք է տրամադրել Հայաստանին։ Հարցին՝ ինչու պատերազմի առաջին օրերին չի կիրառվել «Իսկանդերը», վարչապետն ասել է․ «Իսկ գուցե պատասխանեն՝ ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով հրթիռների պայթելու տոկոսայնությունը չի կարող հենց այնպես որոշվել, դա խորը վերլուծությունների արդյունքում է կատարվում․ «Չեմ կարծում, որ մենք արդեն կատարել ենք իսկանդերի կրակած հրթիռների վերլուծությունը և կարող ենք հստակ թվեր նշել։

Վերլուծություն անելիս պետք է հիմնվենք ադրբեջանական աղբյուրների վրա, բայց Ադրբեջանը ոչ մի տեղեկություն չէր տալիս մեր կողմից արձակված հրթիռների մասին, այսինքն պայթել են, ինչ վնասներ են հասցրել։ Այնպես չէ, որ կրակեցինք և հեռադիտակով կարող ենք նայել ու այդպես որոշենք՝ քանի տոկոսը պայթեց»,-ասաց փորձագետը։

Վերջինս նկատեց՝ կան դեպքեր, երբ հրթիռները չեն պայթում և դրանք ոչ թե կուլիսային ինչ-որ պայմանավորվածությունների հետևանք են, այլ պարզապես հրթիռների սպասարկումը հավուր պատշաճի չի իրականացվում․ «Թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ 2016թ․-ի, թե՛ այս պատերազմում առհասարակ բազմաթիվ են եղել չպայթող հրթիռների դեպքերը։ Խնդիրը ոչ թե պայթել-չպայթելու մեջ եմ տեսնում, այլ կոնկրետ զինատեսակը շեշտելու։ «Իսկանդերը» հանդիսանում է ՌԴ ռազմական ուժերի հպարտությունը և այդպես ստվերել կամ կասկածի տակ դնել սպառազինությունը, շատ լուրջ է»,-ասաց փորձագետը։

Հարցին՝ ինչ ազդեցություն կթողնի վարչապետի այդ հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա, Կարեն Հովհաննիսյանն ասաց․ «ՌԴ-ն Հայաստանին դիտարկում է ոչ թե իշխանությունով պայմանավորված հարաբերություններով, այլ զուտ պետությունների միջև հարաբերություններով։ Բացի այդ ՌԴ-ն ՀՀ-ի միջոցով տարածաշրջանում իր լիազորություններն է ընդարձակում։ Այնպես չէ, որ նեղացկոտ բաներ կդրսևորի, բայց միևնույն ժամանակ կարծում եմ՝ քաղաքական ղեկավարության հետ կապված կլինեն որոշակի լարվածություններ և գործընթացներ»,-նշեց փորձագետը։

Դիտարկմանը, որ Ռուսաստանի դերը մեծ է մի շարք կարևոր գործընթացներում, այդ թվում գերիների վերադարձի հարցում, հետևաբար հնարավո՞ր է այս հայտարարությունը նաև նշված գործընթացի վրա ազդեցություն ունենա, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց․ «Չի բացառվում, քանի որ գերիների վերադարձը համարում եմ քաղաքական հարց։ Սա նաև տվյալ պահին գործող իշխանության համար է կարևոր քայլ։ Այսինքն՝ եթե գերիներն ամբողջությամբ վերադարձվեն, ուրեմն տվյալ իշխանությունը հաջողված կլինի գոնե այդ բնագավառում։ Այնպես որ հնարավոր է՝ գերիների վերադարձի վրա ևս ազդեցություն ունենա»,-նշեց փորձագետը։

Ռազմական փորձագետը հակված է այն մտքին, որ եթե «Իսկանդերը» կրակել են, ուրեմն այն պայթել է։

Ինչ վերաբերում է մի շարք փորձագետների, այդ թվում ՀՀ երրորդ նախագահի դիտարկմանը, որ «Իսկանդերը» պետք է կրակեր պատերազմի առաջին օրերին, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ «Իսկանդեր»-ի նման զինտեխնիկան, որպես կանոն, կիրառվում է ռազմական օբյեկտները խոցելու և հակառակորդի տարածքում որևէ ռազմական խնդիր առաջացնելու նպատակով։

Տվյալ դեպքում, եթե «Իսկանդերը» կիրառում ենք, ապա այն պետք է օգտագործենք ռազմական օբյեկտներ խոցելու համար, այդ թվում օդանավակայաններ, գազամուղներ, նավթամուղներ, կարևոր նշանակության ճանապարհներ, կամուրջներ․ «Եթե մենք կրակում ենք, օրինակ, սարի կամ բնակավայրի վրա, ապա դա կարող է նույնիսկ ռազմական հանցագործություն համարվել, որովհետև այն նպատակային չի օգտագործվել։ Փորձագետները կամ գործին տեղյակ մարդիկ, երբ ասում են, որ պատերազմի երրորդ-չորրորդ օրը պետք է կիրառվեր, նկատի ունեն հենց ռազմավարական օբյեկտներ խոցելը, որը կխափաներ տարածաշրջանում թշնամու հետագա գործողությունների պլանը։ Մենք այդ նպատակով օգտագործելու բոլոր հնարավորություններն ունեինք»,-ամփոփեց Կարեն Հովհաննիսյանը։

Վերջին նորություններ