Օրվա լրահոս

Ավարտվել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդւպումը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: 

«Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ցուցաբերում է ռուսաստանցի զինծառայողների նկատմամբ»,–ասված է հաղորդագրության մեջ: 

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունն ու հաջողություններ մաղթել իրենց ծառայության մեջ: 

Զրուցակիցները քննարկել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձին, անհետ կորած անձանց հայտնաբերման և հայկական կողմին հանձնմանն առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն անընդունելի է համարել ադրբեջանական կողմից որոնողական աշխատանքների որևէ խոչընդոտում և հրատապ համարել այս չափազանց զգայուն և կենսական հարցերի լուծումը: 

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի սահմանների պաշտպանությունն ու հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունն ապահովելու կարևորությունը: 

Վերջին նորություններ