Այ սրիկաներ, այ տականքներ, դուք ներում չունեք. Հովհաննես Ազոյանը՝ ընդդիմության բեմադրած ներկայացման մասին

«Այն, ինչ տեսա, ես ինտերնետով Բաղրամյան պողոտայի վրա, այդ էժանագին բռնություն քարոզող, ատելություն, սպանություն, արյուն քարոզող, էդ էժանագին բեմադրությունը, ուղղակի ես չգիտեմ... ես խոսքեր չեմ գտնում, որ... մեկնաբանեմ այդ արարքը, այդ... այդ...»:

Անդրադառնալով այսօր երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ Բաղրամյան պողոտայում Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությանը՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ չափազանց հուզված և զայրացած ասել է դերասան Հովհաննես Ազոյանը:

Դերասանը նաև նշել է. «Գիտեք ինչ՝ ամեն անգամ ես և իմ նման էլի շատ մարդիկ տնից դուրս գալիս մի կերպ ժպիտ ենք մեր ներսից քերում, հանում, որ նվիրենք դիմացի անծանոթին, որ ժպիտով լցվի նրա հոգին ու ժպիտ վարակի մյուսներին: Մեր ներսում չեղած էդ ժպիտը քերում, հանում, տալիս ենք անծանոթին, որ սեր քարոզենք, այ սրիկաներ, այ տականքներ, դուք էդ ինչ եք անում, չունեք ներում դուք, ներում չունեք, լկտիներ...»,- նշել է նա:

Ավելի վաղ դերասանը, կրկին անդրադառնալով այս ներկայացմանը, ներկայացումից հրապարակել էր սքրինշոտեր՝ գրելով. «Դուք Քրիստոսին էլ կվերախաչեիք։ Սա ակնհայտ բռնության քարոզ է Երևանի սրտում՝ երեխաների աչքի առաջ։ Դատապարտում եմ»:

Հովհաննես Ազոյանը գրառմանը և սքրինշոտերին կից նշել է արդարադատության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջերը: 

Քաղաքականություն

Պատահարներ