Օրվա լրահոս

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուրվագծում է դրա ընդունման պահին առկա իրավիճակը՝ այն ըմբռնումով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ, «РИА Новости»-ին տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար Արա Այվազյանը: 

«Ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի որոշումը։ 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այդ իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից», - ասել է նա: 

Նախարարն ընդգծել է, որ որևէ կարգավիճակով և որևէ պայմաններում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո: Նախարարի խոսքով՝ վերջին ագրեսիան ևս մեկ անգամ հաստատեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում կնշանակի Արցախ՝ առանց հայերի։  

«Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի՝ որպես անկախ պետության ճանաչմանը, ապա Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին։ Այսօրվա դրությամբ մեր օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն և կայունություն», - ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը։ 

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից, «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը:  

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ երկիրը վերածել թուրքական սատելիտի և ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար: 

 

Վերջին նորություններ