Օրվա լրահոս

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը միանում է ԳՇ գեներալների, սպաների, Զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հայտարարությանը:

Գեներալն այս մասին ասել է  168.am-ի հետ զրույցում:
 

«Չեմ կարծում, որ Զինված ուժերն այդ հայտարարությունն անելով խորը չեն մտածել: Կարծում եմ` լուրջ որոշում են ընդունել և ես դրան միանում եմ, աջակցում եմ: Երկրի պարտված ղեկավարը չի կարող մնալ իր տեղում, նա դեռ նոյեմբերի 10-ին պիտի իր հրաժարականը ներկայացներ: Հիմա էլ ուզում է Մարտի մեկ անի, ինչպես դա արեց 2008-ին. կրակոցներ, մեքենաների վառել և այլն: Ինձ թվում է` 2008-ի ձայնագրությունները կան, թե ոնց էին ուրախանում, որ կրակոցները սկսվել են»,- նշեց գեներալ Բաղմանյանը:
 

Անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ փաստորեն բանակը խառնվում է ներքաղաքական գործընթացներին` գեներալը չհամաձայնեց:
 

«Բանակը չի խառնվում քաղաքական գործերին, երկրի անվտանգության խնդիր է: Դուք պատկերացրեք` 7 շրջան է հանձնվել, դրանից բացի հանձնվել է նաև Հադրութը, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա եթե ճիշտ որոշումներ չի կայացվում, բանակի ղեկավարությունն ինչի համար է, որ ապահովի երկրի անվտանգությունը: Ոչ մի հրամանատար իրավունք չունի երկրի անվտանգությանը սպառնացող, երկիրը կործանման տանող որևէ հրաման կատարի: ԳՇ-ի տրված բոլոր հրամաններն անվտանգության ապահովման խնդիր են լուծում: Դրա համար էլ մարդիկ հայտնում են իրենց կարծիքը»,- շեշտեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը:
 

Հայկազ Բաղմանյանը կարծում է, որ և՛ Ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն իրենց ղեկավարների հետ միասին այնքան կամքի ուժ կունենան, որ Նիկոլ Փաշինյանի հրամանները չեն կատարի: Ավելին, նա վստահ է, որ կան մարդիկ այս կառույցներում, որ չեն կատարում Փաշինյանի հրամանները, նրանց քանակը շատանալու է:
 

«Որովհետ իրենք` այդ ուսադիր կրողները, ներքուստ պատկերացնում են, թե ինչ է կատարվել, կատարվում, ուղղակի ստիպված գնում են ինչ-որ քայլերի: Բայց չեմ կարծում, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն կփորձի դուրս գալ ժողովրդի դեմ»,- շեշտեց Հայկազ Բաղմանյանը:
 

Խոսելով Օնիկ Գասպարյանից, որպես զինվորականի և գեներալի, գեներալ Բաղմանյանն ասաց, որ Օնիկ Գասպարյանը շատ գրագետ սպա է, գեներալ, ուստի պատահական չէ, որ նա այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է:
 

«Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են, նա օդից ոչինչ չի ասում, նույնը եղել է նա պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ այն որոշումները, որ կայացրել է Գասպարյանը, չի հաստատվել գերագույն գլխավոր հրամանատարի կողմից և չի կիրառվել: Ես համոզված եմ, որ Օնիկ Գասպարյանը ճիշտ որոշումներ է կայացրել, որոնք զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, իսկ նա մերժել է, թույլ չի տվել կիրառել: Իսկ պատերազմից հետո, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ պատասխանատվությունն իր վրա վերցնի, ամեն ինչ սկսեց բարդել բանակի վրա, որ այն չի արվել սա չի արվել: Մովսես Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ լուրջ մեղադրանքներ առաջ բերեց, իսկ այդ ամենի մեղավորը մեկ մարդ է` Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Հայկազ Բաղմանյանը:

Վերջին նորություններ