Օրվա լրահոս

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հանրապետության հրապարակ։ Նա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմում զոհված մեր եղբայրների եւ քույրերի հիշատակը, ապա՝ նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը։

Սկզբում Փաշինյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, թե վարչական ռեսուրսի կիրառմամբ են մարդիկ հավաքվել Հանրապետության հրապարակում։

«Ամենատարբեր տեղերից և առիթներով սկսվել են և կսկսվեն շահարկումներ, թե այս հրապարակում, այսպես ասած, «բերված մարդիկ են»։ Այդ հարցին պատասխանելու մեկ ձև կա՝ այս հրապարակի միասնականությունը առաջին շարքից մինչև վերջին շարքը։ Գարնան առաջին օրը պիտի ցույց տանք՝ ինչպես եղել ենք, այդպես էլ կանք»։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանը անկախության պատմության ընթացքում շատ սխալներ է թույլ տվել ու սպառել այդ հնարավորությունը։ 2 տարի 10 ամսում՝ իր կառավարման օրոք ևս սխալներ թույլ է տվել։ ՀՀ քաղաքացիներից, Սփյուռքի հայերից, Արցախի բոլոր քաղաքացիներից Փաշինյանը ներողություն խնդրեց՝ իր թույլ տված բոլոր սխալների համար։ Ասաց, որ շատ է մտածել, թե որտեղ է սխալվել, բայց կարևոր է համարում հարցնել, թե ինչու է իրենց քաղաքական թիմը սխալվել։

«Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր՝ որպես իշխանություն սիրված լինելն է եղել։ Մենք այնքան սիրված ենք եղել, որ, ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը եւ մեր սերը՝ ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ եւ կատարյալ։ Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։ Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի եւ վատթարագույնի միջեւ, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը»։

Փաշինյանն ասում է, որ մինչև իրենք ջանքեր են գործադրել ստեղծել ընտրություն լավի ու լավագույնի միջև, պարզել են, որ վատի ու վատագույնի ներկայությունը այնքան արմատացած է, որ ընտրությունը անշրջելի է ու լավագույն ընտրությունը պետք է լիներ վատի ընտրությունը։

Վարչապետը նշեց, որ ցավոք, սխալներ գործել է ոչ միայն իր իշխանությունը ու ժողովրդից ներողություն խնդրեց երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների համար։ Մեկ անգամ էլ փաստեց՝ ժողովուրդն է որոշողը լինելու.

«Ժողովրդի իշխանությունը իր ձեռքից ուզում են խլել և մենք հրապարակում հավաքվել ենք ու ուզում ենք ասել՝ մենք դա թույլ չենք տալու»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջին նորություններ