Դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան

«Եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, այո, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ ժողովուրդը նույնկերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն ուներ հնարավորություն ցույց տալու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը, բայց նրանք չկարողացան դա անել։

«Ես տալիս եմ երկրորդ հնարավորությունը, ես նետում եմ այդ մարտահրավերը, դե եկեք գնանք ժողովրդի առաջ ընտրության, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը։

Նա ասաց՝ ոչ միայն կողմ էին ընտրությունների անցկացմանը, այլև արդեն մտածել էին այդ ընտրություներին մասնակցելու մի քանի կարգախոսներ, որոնցից մեկը «Վերջ թավիշին» կարգախոսն էր։

«ՀՀ-ում որևէ ուժ հաղթող չպետք է լինի։ Միայն մեկ ուժ՝ ժողովուրդը։ Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, Զինված Ուժերը, բոլոր ուժերը պետք է անվերապահ ենթարկվեն օրինական իշխանությանը և ուրիշ տարբերակ պարզապես չկա»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրած հանրահավաքն ամփոփվելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթով, որը սկսվի Մաշտոցի պողոտայից, ապա կանցնեն Կորյունի, հետո նաև  Աբովյանի փողոցով, իսկ վերջում ծաղիկներ կխոնարհեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ մարտի մեկի զոհերի հիշատակին։

Քաղաքականություն

Պատահարներ