Օրվա լրահոս

Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոփոխվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը հրաժարվել է՝ Հայաստանի հետ Երեւանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից։

«Հարգելի՝ իմ եւ Հայ-Ռուսական համալսարանի, ընկերներ եւ չկամեցողներ։

Մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի 14-ի Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:

Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ եւ չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը:

Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն:

Այսպիսով՝

. Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ:

. Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով եւ գործում է 2003թ․ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրի համապատասխան:

. Հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի եւ ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջեւ այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով:

Իրականում սա է ամբողջը: Այնպես որ անհոգ եղեք եւ պատրաստվեք նոր ճեղքումների»,- գրել է Դարբինյանը։

Վերջին նորություններ