Մենք չենք ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, մենք առաջարկ ենք արել, և պահանջ չի եղել մյուս կողմից. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, որ վերջերս իշխանությունը հայտարարել էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար չկա հանրային պահանջ, մինչդեռ այսօրվա հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Ներքաղաքական լարվածությունն առկա է, և ինչ- որ ձևով վերջնական հանգուցալուծման մենք պետք է գանք։ Մենք պատրաստակամ ենք խոսել բոլոր ուժերի հետ, առաջին օրվանից էլ պատրաստակամ ենք եղել և մենք ենք առաջարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգ։ Այդ օրակարգին մեծ արձագանք չի եղել։ Հիմա նոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մեկ քայլ մոտեցրեց ընդդիմության ներկայացուցիչներին դեպի արտահերթ ընտրություններ, և մենք այդ օրակարգը նորից վերաբացում ենք։ Մեզ համար այդ օրակարգը վերջնական փակ չի եղել, մենք չենք ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, մենք առաջարկ ենք արել, և պահանջ չի եղել մյուս կողմից։ Հիմա երբ նորից կա այդ առաջարկը, մենք ասում ենք եկեք խոսենք, պայմանավորվենք»,- նշել է նա:

Քաղաքականություն