Որքան ամուր մենք այստեղ կանգնած լինենք, այնքան ամուր կլինեն նաև ՀՀ նախագահն ու բանակը. Վազգեն Մանուկյան

Այսօր դուք ապացուցեցիք, որ արդեն մենք վերականգնվում ենք, բանակը արդեն վերականգնվում է։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքին ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Գրեթե ամբողջ ժողովուրդն է այստեղ, արդեն բոլորն են մեր հետ նույն ոգևորությամբ։ Երբեմն ինձ ասում են մոլորվածներ, այդ բառը չեմ ընդունում, չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր պատերազմը պարտվելուց հետո շարունակում են մնալ մոլորված, այս ժողովուրդն է, որ պետք է նորից վերականգնի Հայաստանը, ստեղծի բանակը, նվաճի Արցախը, իր հզորությունը ցույց տա»,– ասաց նա։

Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս պայքարը վատ ղեկավարին փոխելու մասին չէ,  քանի որ մենք վատ ղեկավար չունենք, այլ մեր երկիրը նվաճել են թշնամիները։

«Մենք ոչ թե միայն պետք է վերականգնենք նախկինը, մենք ավելի բարձր մակարդակի պետք է հասնենք։ Մեր սխալներն էին, վրիպումներն էին, հանցագործություններն էին, որ բերեցին նրան,որ թշնամին գրավի Հայաստանը և եթե նույն ձևի շարունակենք, էլի թշնամիներ կգրավեն Հայաստանը։ Մենք պետք է վերածնվենք նոր մակարդակով, նոր իրար սիրելով, նոր երազանքներով, նոր ձգտումներով մեծ գաղափարների, մեծ սկզբունքների և ոչ միայն գոյատևելու համար։ Այսօրվա օրը ցույց է տալիս, որ այդպես լինելու է, բայց մենք շատ աշխատանք ունենք»,–ասաց նա։

Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նորից Օնիկ Գասպարյանի հրաժարականի դիմումը ուղարկել է Արմեն Սարգսյանին։ «Նախագահը ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից, որքան ամուր մենք այստեղ կանգնած լինենք, այնքան ամուր կլինի նաև ինքը, այնքան ամուր կլինի նաև բանակը։ Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ անխուսափելի լինի իր գնալը»,–ասաց նա։

Քաղաքականություն