Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:
Ուշագրավ է, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն է նախորդ տարվա սեպտեմբերին ծագած թուրք-ֆրանսիական լարվածությունից հետո, գրում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ ֆրանսիական «L'Opinion» թերթը հայտնել էր, որ այսօրվա Էրդողան-Մակրոն հանդիպումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ազդանշան է:

Հիշեցնենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։
 Ավելին, Թուրքիայի նախագահը իր քաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։

Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։

Քաղաքականություն

Պատահարներ