«Երկրի անկայուն վիճակի պատճառով բանակցությունները դադարել են»․ անհետ կորածի հարազատ

Անհետ կորած զինվորների հարազատներն այսօր կրկին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանցից մեկը` Արսեն Ղուկասյանը, կառավարության շենքի դիմաց հավաքված լրագրողներին որոշ մանրամասներ հայտնեց հանդիպումից։ 

«Մենք որոշակի հարցերի պարզաբանում էինք ուզում՝ կապված գերիների վերադարձի ու անհետ կորածների որոնողական աշխատանքների դադարի հետ։ Ասացինք վարչապետին, որ այդ խոչընդոտներից տուժում են մեր երեխաները։ Նա ասաց, որ տեղյակ է ամեն ինչից», - ասաց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ գլխավոր խոչընդոտը երկրի ներքաղաքական զարգացումներն են։

«Ռուստամ Մուրադովն ինքն է ասել, որ բանակցությունները դադարեցվել են մեր երկրի ոչ ստաբիլ վիճակի հետ կապված։ Հետո նա ասաց, որ անհետ կորածների որոնողական աշխատանքները կվերսկսվեն, ու այսօր դրանք վերսկսվեցին։ Այդ մարդն ինչ ասել է, եղել է», - ասաց նա։

Նրա փոխանցմամբ՝ Արցախում որոնողական աշխատանքները կատարվում երկու խմբով։ Մեկը փնտրում է աճյուններ, մյուսը՝ ողջ մնացածներին։

Հարազատների ու վարչապետի հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ։

 

Քաղաքականություն

Պատահարներ