Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի  ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Ժամանել են նաև  նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Ներսիկ Գրիգորյանը, սակայն, երբ բժիշկները արձանագրել են  քաղաքացու մահը, հետաքննիչները մեկնել են հիվանդանոց՝ վարորդի սթափության աստիճանը ստուգելու նպատակով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ