ՌԴ-ում ոստիկանները փնտրում են հայ երիտասարդի սպանության գործով հետախուզվող ադրբեջանցիներին

ՌԴ-ի Բելորեչենսկ քաղաքում փողոցային ծեծկռտուքից հետո 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել, դեպքի մյուս մասնակիցը վնասվածքներ է ստացել: Երկու երիտասարդների դանակի վնասվածքներով տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է:

Երկրորդ տուժածը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ շարունակում է անհրաժեշտ բուժում ստանալ, հայտնում է КП-Кубань-ը:

Նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի փետրվարի 28-ի երեկոյան երիտասարդների խումբը հանդիպել է Բելորեչենսկի Գոգոլի փողոցի սրճարաններից մեկի մոտ, որպեսզի լուծի նախօրեին ծագած կենցաղային խնդիրը: Նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տղամարդկանցից մեկը դանակով հարվածել է մյուսի կրծքին և մեկ այլ մարդու որովայնին: Դրանից հետո նա թաքնվել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ 22-ամյա Արթուր Սարուխանովի սպանության փաստով (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս)  և մահացածի 31-ամյա ծանոթի սպանության փորձի փաստով ( ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 1-ին մաս):

Ներկայումս իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը «Ռեգիոն Online» կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն»,-նշել է Ալազովը։

Այժմ ազգությամբ 2 ադրբեջանցիներ են հետախուզվում՝ սպանություն և սպանության փորձ կատարելու գործով։

Քաղաքականություն

Պատահարներ