Օրվա լրահոս

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել։ Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին: 
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։ 
«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։ 
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։ 

«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի  կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։ 
Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։ 
«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։ 

 

Վերջին նորություններ