Օրվա լրահոս

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քաղաքականացնում է դատական իշխանությունը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի նիստի ընթացքում, անդրադառնալով Վարդազարյանի հայտարարությանը:

 «Իմ քայլը» խմբակցությունն ավելի շատ կենտրոնացել էր ԲԴԽ նախագահի հայտարարությունն ավելի հասկանալի դարձնելու վրա: Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ կանխամտածված ու քաղաքական էին: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է ապահովի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը, ավելին՝ քաղաքականացրել ու քաղաքականացնում է դատական իշխանությունը»,- ասաց Մակունցը:

 

Մակունցը հայտնեց, որ Ռուբեն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների նկատմամբ:

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց Մակունցը:

Մարտի 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահեցրել է, որ ավելի վաղ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես եղել է զսպվածության և սթափության կոչ:

Վերջին նորություններ