Օրվա լրահոս

Հունվարի 10-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ Գուրգեն Վարդանյանը մեքենայով հարվածել էր Պաշտպանության նախարարության դարպասներին, կոտրել ու ներս մտել: Այնուհետեւ, կոտրելով վարչական մասնաշենքի մուտքի դռները, մեքենայով մխրճվել էր շինության մեջ: Քաղաքացու եղբոր՝ Հրանտ Վարդանյանի խոսքով, իր եղբայրն այդ քայլին էր դիմել որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների պատճառով: Այս մասին գրում է  «Հրապարակը»

 

Քաղաքացուն ձերբակալել էին Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ անհետ կորած զինծառայողի հորը միանգամից 2 մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է․

«Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով, 2021 թ. հունվարի 13-ին Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ( խուլիգանություն) և 327.6-րդ հոդվածի 5-րդ մասով (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին և նա ազատվել է արգելանքից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», - պատասխանեցին քննչականից։ 

Մենք զրուցեցինք Գուրգեն վարդանյանի պաշտպան Կարեն Ստեփանյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք Վարդանյանը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքները, պաշտպանը պատասխանեց, որ իրավական իմաստով մեղադրանքը չի ընդունում։

«Բովանդակային իմաստով ընդունում է, բայց իրավական իմաստով չի ընդունում, այսինքն՝ արարքը, ըստ մեզ, այլ հանգամանքներում է եղել, որը, մեր դիրքորոշմամբ, հանցակազմ չի պարունակում։ Այսինքն՝ իր հոգեկան վիճակը մեծ ազդեցություն է ունեցել այդ ամենի հետ կապված, հիմա փորձաքննություն է նշանակված՝ իր  վիճակը պարզելու և մի շարք այլ հանգամանքների հետ կապված։ Քննչական մարմինը, ելնելով տրված ցուցմունքից, որտեղ նկարագրվում է իր հոգեկան վիճակը, հրավիրել է մեզ, որպեսզի ծանոթացնի այդ որոշմանը, ինչը համապատասխանում է մեր դիրքորոշմանը, այսինքն՝ մենք ի սկզբանե դրան կողմ ենք եղել, որ քննչական կոմիտեն փորձաքննություն նշանակի, թե անձը հոգեպես ինչ վիճակում է եղել։ Ըստ իս՝ ոչ հոգեբանի աչքերով նայած, իր հոգեկան վիճակը ուղղակի կապի մեջ է գտնվում իր արարքի հետ, ինքն էլ չի կարողանում դրա իրական բացատրությունը տալ, թե ինչու դա այդպես ստացվեց, ինչո՞ւ չկարողացավ ինքն իրեն այդ պահին տիրապետել և այլն։ Արարքը առաջին հայացքից ինչ-որ հակաիրավական, օրենքով արգելված արարք է, բայց նաև պետք է բոլոր կողմերից նայել այդ հարցին, և երբ բոլոր կողմերից նայում ենք, ամեն դեպքում քննչական մարմինը օբյեկտիվորեն նշանակել է այդ փորձաքննությունը , իսկ թե ինչ արդյունք կունենանք, արդեն ո՛չ մեզնից է կախված, ո՛չ քննչական մարմնից, դա համապատասխան դատահոգեբաններից է կախված, և պարզ կլինի, թե հոգեկան վիճակը որքանով է ազդել այդ արարքների վրա»,- ասաց պաշտպանը։

Վերջին նորություններ