Օրվա լրահոս

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի՝ պատվին և արժանապատվության պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 3-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Հայցադիմումի պատճառ է դարձել Շիրինյանի՝ փետրվարի 1-ի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս հայտարարել էր, որ այս տարիների ընթացքում շատ է շահարկվել մարտի 1-ի դեպքերը և զանգվածային անկարգությունների մասնակիցները ներկայացվել են որպես «խաղաղ» ցուցարարներ։

«Այդպիսի « խաղաղ » ցուցարարներից մեկն էլ Սարգիս Քլոյանի որդին էր՝ Գոռ Քլոյանը։ Այո, այո այն Սարգիս Քլոյանը, որը նիկոլին 30 մլն դրամով վաճառեց իր որդու արյունը, բայց մահացած իր որդու ընտանիքին այդ գումարից և ոչ մի լումա չտվեց։

Հեռավոր 2008 թ-ին ես զբաղեցնում էի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնը։

Օպերատիվ ծառայությունների կողմից ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն.« ըստ օպերատիվ տվյալների՝ Գոռ Քլոյանը օգտագործում է թմրանյութ և չի բացառվում, որ մարտի 1-ի զանգվածային անկարգություններին մասնակցել է թմրանյութ օգտագործած վիճակում» »,- գրել է նա՝ ընդգծելով, որ այդ ժամանակ անձամբ է զրուցել այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ և որոշել են ավելորդ կրքեր չբորբոքելու համար այդ փաստը չհրապարակել։

Վերջին նորություններ