ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասացինք՝ մի՛ արի, մենակ տղա ես, ասաց՝ բա ընտանիք ունեցողնե՞րը գան»․ անմահության ճանապարհ

Արցախյան երկրորդ ազատամարտի մասնակից, ոստիկանության զորքերի ծառայող, սերժանտ Էդգար Սարգսյանը ծնվել էր 1987 թվականին՝ Էջմիածնում։ 2005- 2007 թվականներին ծառայել էր բանակում։ Ոստիկանության զորքերում էր 2013 թվականից։

Բացի հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելուց՝ Էդգար Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմով Տավուշում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։ Նվիրված էր ծառայությանը, ընկերասեր էր ու կատակասեր։

2020 թվականի սեպտեմբերին, երբ հայրենիքը վտանգի մեջ էր, Էդգարը ծառայակիցների հետ մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 29-ից մասնակցում էին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 25-ին մի քանի օրով վերադարձել էին Երևան։ Երբ ոստիկանության զորքերի հերթական զորախումբը պետք է մեկներ Արցախ, Էդգարը կրկին զինվորագրվեց։

«Ասացինք՝ դու մի արի, մենակ տղա ես, Աստված չանի, բա որ մի բան լինի։ Ասաց՝ դե, մենակ տղա եմ, ես չգամ, բա ընտանիք ունեցողնե՞րը գան, ես մնամ այստեղ, ու իմ ընկերները գնան կռիվ, հետո ինչպե՞ս եմ նրանց աչքերին նայելու»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Վարդան Ղուկասյանը:

Երկրորդ անգամ մեկնեց Արցախ։ Հինգ օր մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը, իսկ նոյեմբերի 3-ին զորախմբով մեկնեցին Շուշի։ Մի քանի օր մասնակցեցին Շուշիի պաշտպանությանը։ Ծառայակիցների հետ ծանր մարտեր մղեցին։ Էդգար Սարգսյանն անմահացավ նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։

 

Քաղաքականություն