Վազգեն Մանուկյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները պետք է լինեն ոչ գործող իշխանության օրոք

Երևանի գլխավոր պողոտաներից մեկում՝ Բաղրամյան փողոցում հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ համբերատար շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը:

«Հարգելի քաղաքացիներ, այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Որքան ցանցային լինի պայքարն, այնքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ պետք է կազմակերպել ընտրություններ, որպեսզի ժողովուրդը կատարի ընտրություն, սակայն դա պետք է արվի ոչ գործող իշխանությունների օրոք: Մեկ անգամ ևս հիշեցրեց, որ իրենց ծրագիրը հետևյալն է՝ ՀՀ վարչապետը հեռանում է, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, երկրում իրավիճակը կայունանում է, որից հետո անցկացվում են ընտրություններ:

«Այս անգամ պետք է կազմակերպենք մաքուր ընտրություն և այդ ժամանակ մեկդ մյուսիդ պետք է վերահսկի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Անդրադառնալով ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործընթացին՝ Վազգեն Մանուկյանը ընդգծեց, որ պետք է պահանջեն, որ ՀՀ նախագահը կատարի իր պարտականությունները:

«Այո, պետք է լինենք համբերատար, բայց չափավոր: Ասում են, թե ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն անելու, իսկ ով ասաց: Ժողովուրդը պետք է կարողանա ոտքի կանգնել, ու անել այն ինչ ուզում է: Հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք միմյանց հետ ու մենք կհաղթենք»,-հավելեց Վազգեն Մանուկյանը:

Քաղաքականություն