Պետք է Փաշինյանին ճնշենք, որ ԳՇ-ից հեռու մնա ու ընտրության գնա. սրանք ոչ մի բան չեն կարում անեն, քթների տակից ինքնաթիռ են տանում, խաբար չեն. Էդմոն Մարուքյան

Միակ ճանապարհն ընտրություններով այս իշխանությանը փոխելն է, մնացած տարբերակները չեն գործելու: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ճգնաժամից դուրս գալու իրենց առաջարկների մասին:

Նա նշեց, որ քարոզչություն է իրականացվում նրա և նրա թիմի գաղափարախոսության դեմ, որը, նա խոսքով, իրավիճակի համար ելք գտնելն է, սակայն շատ ուժեր կողմ չեն այդ ելքերին:

Մարուքյանը շեշտեց, որ խորը ճգնաժամային վիճակը առաջացել էր նոյեմբերի 10-ից և դեռ այդ ժամանակ ԼՀԿ-ն հրապարակել էր հանգուցալուծման տարբերակը, որը չընդունվեց:

 

Ընտրությունները կեղծելու հավանական լինելու մասին Մարուքյանը նշեց, որ Հայաստանում միշտ էլ ընտրություններ են կեղծվել, բացի 2018 թվականից, որովհետև դրա համար կարիքը չկար: «Այսքան ուժեղ ընդդիմություն երբեք չի եղել, և դուք ամեն ինչ արեք, որ չկեղծվեն: Այս իշխանությունը ընտրություն կեղծել չի կարողանա, մի իշխանություն, որի աչքի առաջից ինքնաթիռ են գողանում, ինչպես կարող է ընտրություն կեղծել: Նրանց կեղծած ընտրությունը մենք մի երեք անգամ պետք է կեղծենք, որ կեղծվի: Կամ էս իշխանությունը ո՞նց ա կեղծելու, սրանք ոչ մի բան չեն կարում անեն, քթների տակից ինքնաթիռ են տանում, խաբար չեն: Սրանց կեղծած ընտրությունը մի 3 անգամ պիտի կեղծել»,- ասաց նա:

 

Մարուքյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը պետք է որոշի. եթե ուզում է, որ հրաժարական լինի, ապա պետք է Փաշինյանին ճնշենք, որ ընտրության գնա, որ ԳՇ-ից հեռու մնա: «Եթե չենք ուզում այս տարբերակը, լինելու են զոհեր, լինելու է արյունահեղություն, մենք չենք ուզում դա»,-ասաց նա և հավելեց, որ սա պետք է նախկին սխալներին կրկին ականատես չլինելու համար, որպեսզի կրկին զոհեր չլինեն:

Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»:

 

 

Քաղաքականություն