Օրվա լրահոս

Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայով շրջում Կապանով և քաղաքի մերձակայքով ու տեսանկարահանում շուրջբոլորը։ Տեսանյութի վերջում երևում է, որ ադրբեջանցիները զինվորական համազգեստով են։ Նրանց խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ այս «շրջայցը» հետախուզական բնույթի է։ Այս մասին գրում է Razm.info-ն:

Մի փոքր ուշ տեսանյութը համացանցի ադրբեջանական տիրույթից հեռացվեց, սակայն այն հասցրել էր տարածվել նաև հայկական ցանցում։

Ովքե՞ր են տեսանկարահանում

 

Տեսանյութում լսվում է ադրբեջաներեն խոսակցություն։ Ամենասկզբում խոսողներից մեկն ասում է. «Մտնենք քաղաք, նկարենք, մեր ձեռքում տեղեկություն լինի, թե ինչ կա, ինչ չկա»։ Ամբողջ տեսանյութի ընթացքում նկարահանողը նկարագրում է, թե ինչ է երևում կադրերում, օրինակ գազալցակայան, բջջային կապի անտենա, շենքեր, ռուսական զինուժի տեղակայման վայր ևն:

Ավելի ուշ մեքենայի վարորդն ասում է, թե «քաղաք չենք մտնի», իսկ նկարահանողը պատասխանում է, որ իրականում արդեն քաղաքի ներսում են, պարզապես ավելի չեն խորանա․ «Քաղաքի մյուս կողմ չենք գնա… Այս թունելը քաղաքի մյուս կողմ տանող ճանապարհն է ։ Ավելի խորքում 9-հարկանի շենքեր կան, այդտեղ մերոնցից մեկն ապրել էր։ Մեր համակարգի աշխատակիցներից մեկը»։

Վերոնշյալ երկխոսությունից կարելի ենթադրել, որ քաղաք մտած ադրբեջանցիները ոչ թե սովորական «զբոսաշրջիկներ» են, այլ հետախուզությամբ են զբաղված։

Տեսանյութի վերջում կադրեր են մեքենայի ներսից․ երևում է երեք անձ, բոլորը՝ զինվորական համազգեստով։ Դատելով համազգեստից՝ նրանք Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ են։

 

Որտե՞ղ է նկարահանված տեսանյութը

Քարտեզի վրա գծել ենք նկարահանման երթուղին։ Տեսանյութի սկզբում ադրբեջանցիների ավտոմեքենան Միջնավան-Կապան ճանապարհին է, այնուհետև անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, Կապան քաղաքի մի հատվածով։ Վերջին կադրերում Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհն է։

Ընդհանուր առմամբ մոտ 6,5 կմ են անցնում տեսագրելով։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ից պարզաբանել են, թե իբր նշված տեսանյութն ադրբեջանցիները նկարահանել են դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում: Սակայն տեսանյութում ադրբեջանցիների խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ նրանք իրենք են որոշում ուր գնալ, այսինքն՝ նախապես համաձայնեցված երթուղու մասին խոսք չի կարող լինել։ Բացի այդ հասկանալի չի, թե համաձայնեցված այցի ժամանակ ռազմական նշանակության ու ենթակառուցվածքային օբյեկտների ի՞նչ նկարահանման մասին կարող է խոսք լինել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերջին նորություններ