«Գագիկ Սողոմոնյան» -ի գործով Արամ Սարգսյանը մյուս մեղադրյալներին չի ճանաչում

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքի տակ գտնվող միակ մեղադրյալի՝ Արամ Սարգսյանի կալանքը փոխելու միջնորդության վերաբերյալ նիստը կկայանա մարտի 10-ին։

 

Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչում առաջին նիստը կայացել է մարտի 5-ին, սակայն դատարանը՝ հղում կատարելով ծանրաբեռնվածությանը, որոշում է կայացրել նիստը հետաձգել։
«Իմ ակնկալիքները դատարանից մեկն է, անկախ նրանից՝ այս գործով մյուս մեղադրյալներին ազատ են արձակել թե, ոչ, ես ակնկալում եմ, որ այդ մարդուն կթողնն, որովհետև նա ոչ մի բան չի արել»։

Փաստաբանն ասաց, որ ըստ գործի նյութերի՝ մի IP հասցե կա, որը հոկտեմբերի 10-15-ը օգտագործել է Գագիկ Սողոմոնյանը։ «Դա օգտագործել է հենց Սողոմոնյանը, թե այն անձը, ով օգտագործում է այդ էջը՝ չգիտեմ։ Հոկտեմբերի 15-ին այդ նույն IP հասցեն օգտագործել է նաև իմ պաշտպանյալը ու հետաքրքիրն այն է, որ ըստ ԱԱԾ-ի՝ փետրվարի 18-ին Գագիկ Սողոմոնյանը մտել է ֆեյսբուք, բայց այդ IP հասցեով է, մտել, թե ոչ՝ ԱԱԾ-ն այդ մասին տեղեկություն չունի։ Այսինքն, իրենք փետրվարի վերաբերյալ տեղեկություն չունեն, միակ տեղեկությունը հոկտեմբերի 10-15-ի վերաբերյալ է։ Տրամաբանությունն այն է, որ եթե մտել է, ապա այս հասցեով, սա նույնն է, որ հայտնի կոմիքսում ասում է՝ «եթե կլոր է, ուրեմն նարինջ է»։ Փետրվարին Գագիկ Սողոմոնյանը հրապարակում է կատարել ֆեյսբուքում՝ ժամը 20։42-ին, իմ վստահորդը նույն օրը ինտերնետ է մուտք գործել նույն IP-ով ժամը 20։48-ին, այսինքն, 6 րոպե անց, բնականաբար ինտերնետի ժամը հնարավոր չէ հետուառաջ անել։ Աբսուրդ է, հնչում, բայց ուրիշ որևէ ապացուցողական տվյալ ԱԱԾ-ն չունի իմ վստահորդի վերաբերյալ»։

Հարցին, թե արդյոք Սարգսյանը որևէ կապ ունի՞ այս գործով մյուս կասկածյալների հետ՝ փաստաբանն ասաց, որ, իհարկե, կապ ունի, բոլորն էլ հայ մարդիկ են, ուրիշ կապ չկա։ «Չի էլ ճանաչում այդ մարդկանց, միգուցե, հեռուստացույցով տեսել է։ Բայց գիտեք, իմ պաշտպանյալը արդեն 16 օր է արդեն քրեակատարողական հիմնարկում է ու իր մոտ արդեն կպչուն մտքեր են առաջանում, ասում է՝ գուցե ճանաչում եմ էդ մարդկանց, և ծիծաղելու է, և լացելու այս իրավիճակը։ Ավելին, մյուս մեղադրյալներն էլ Սարգսյանին չեն ճանաչում»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ օրերս այս գործով մեղադրվող ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արիկ Սաղաթելյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, ավելի վաղ՝ նաև ազատ էր արձակվել Կարեն Բեքարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ