Բաքուն պետք է Հայաստանին համոզի, որ Նախիջեւան ճանապարհը օգտակար է ոչ միայն իրեն. Վլադիմիր Լեպյոխին

Մենք անցյալում ասել ենք, որ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով երկխոսության գնա, ապա պետք է առաջարկի տնտեսական նախագիծ, որը ձեռնտու կլիներ Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպյոխինը: 

Մեր զրուցակիցն ասաց, որ այդ ժամանակ «գնդակը Երեւանի կողմում» էր, նա կարող էր դիտարկել տնտեսական նախագծում մասնակցության հնարավորությունը, եւ երկու կողմերի միջեւ երկխոսություն կսկսվեր: 

Իսկ ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով լուծել է իր խնդիրների մի մասը, այդ տրանսպորտային նախագիծը, փորձագետի գնահատմամբ, արդեն դիտարկվում է որպես բարի կամք: Առավել եւս, որ դրա գլխավոր շահառուն Ադրբեջանն է, քանի որ երթուղու մեծ մասն անցնելու է նրա տարածքով եւ վերահսկվելու է նրա կողմից: 

«Հայաստանի համար օգուտն այդքան էլ ակնհայտ չէ, որքան Ադրբեջանի համար: Հայաստանը Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի այլ այլընտրանքային տարբերակներ ունի, այն նույն Վրաստանով: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ տրանսպորտային կապի խիստ անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Հայաստանի արտահանման ոչ այնքան մեծ ներուժը, որ նա կենսականորեն շահագրգռված լինի ռուսական շուկա ուղղակի ելքով: Իսկ Ադրբեջանը շահագրգռված է, որ Նախիջեւանի հետ ուղիղ կապ ունենա, Թուրքիայի հետ ուղիղ կապ լինի, որ Հայաստանի հարավային հատվածում ներկայացված լինի: 

Բաքուն պետք է հայկական կողմին համոզի, որ դա զուտ ադրբեջանական օգուտ չէ, այլ իսկապես Հայաստանին ընդառաջ քայլ է»,- նշեց քաղաքագետը: 
 

Քաղաքականություն

Պատահարներ