Բերման ենթարկված կանայք դժգոհել են ոստիկանների կիրառած անհամաչափ ուժից. ՄԻՊ

Զանգվածային լրատվության միջոցների դիտարկմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի հարակից` ՀՀ կառավարության վարչական շենքի դիմացից ժամը 13:00-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժիններ: Մի շարք նույնաբովանդակ ահազանգեր են ստացվել Պաշտպանի աշխատակազմ:

Նշվածի հաշվառմամբ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն իրականացրել են այցեր Ոստիկանության բաժիններ, առանձնազրույցներ ունեցել բերման ենթարկվածների և նրանցից մի քանիսի փաստաբանների հետ:

Վարչական ձերբակալման ենթարկված բոլոր կանայք առանձնազրույցների ընթացքում նշել են, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողներն իրենց որևէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները: Հիմքերն ու պատճառները չեն ներկայացվել նաև Ոստիկանության բաժիններում: Գրեթե բոլորը նշել են, որ Ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել իրենց նվազագույն իրավունքները:

Առանձնազրույցի ընթացքում քաղաքացիները նաև հայտնել են, որ հավաքի ընթացքում Ոստիկանության ծառայողների արձագանքն իրենց գործողություններին եղել է անհամաչափ: Օրինակ` ազատությունից զրկված կանանցից մեկը նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4, իսկ մյուսը` 3 ծառայող` գործադրելով անհափաչափ ուժ: Նմանատիպ խնդիր բարձրացրել են այլ բերման ենթարկվածներ ևս:

Ազատությունից զրկված անձանց Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանել են նրանց նվազագույն իրավունքները:

Այսօրվա այցերի ընթացքում արձանագրվածը վկայում է վարչական ձերբակալման շրջանակում մարդուն բերման ենթարկելու համակարգային խնդիրների մասին` կապված ազատությունից զրկելիս հիմքերն ու պատճառները ձերբակալվողներին տեղում չներկայացնելու, իրավունքները չպարզաբանելու, բերման ենթարկելիս ուժի գործադրմանը: Անհրաժեշտ է հնարավորինս անհատական մոտեցում` բերման ենթարկելը դիտելով վերջին միջոց և հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի առանձնահատկությունները, ձերբակալվողի սեռը և այլ հանգամանքներ:

Պաշտպանի ներկայացուցիչները Ոստիկանության բաժիններում ծանոթացել են վարչական վարույթի նյութերին, անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Ոստիկանության բաժինների ղեկավար կազմից: 

Այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողները պատշաճ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Այցի արդյունքներն ամփոփվում են, դրանց արդյունքներով պայմանավորված պարզաբանումներ կպահանջվեն Ոստիկանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ «ՎԵՏՕ» շարժման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։

Ոստիկանությունից ՀԺ-ին փոխանցել էինմ որ ոստիկանական բաժին է բերման ենթարկվել 15 քաղաքացի: 

Քաղաքականություն